Խաղաղության տրամաբանությունն այն է, որ, այո՛, արձանագրելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքն օկուպացված է Ադրբեջանի կողմից, գտնվում է Ադրբեջանի վերահսկոցության ներքո, մենք պետք է ի վերջո առերեսվենք, որ այդ թվում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ կան, որոնք մեր վերահսկողության ներքո են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ պետք է սա անենք, ի՞նչն է պատճառը, որ սա պետք է անենք, որովհետև մենք բազմիցս Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախատելիությունը ճանաչում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Իսկ Ալմա Աթայի հռչակագիրը հստակ աձանագրում է, որ հայկական ԽՍՀ տարածքը նույնական է ՀՀ տարածքի հետ, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ: Մենք այդ տարածքները, սահմանները գծանշող բոլոր քարտեզներն ունենք. և՛ Ադրբեջանն ունի, և՛ մենք ունենք:
Իմիջիայլոց, Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատումն իրականացվել է այդ քարտեզներով, և հետագա սահմանազատումն էլ պետք է իրականացվի այդ քարտեզնելով, և այդ համատեքստում այդ խնդիրը պետք է լուծվի:
Եթե կլինի հանկարծ մտադրություն, ցանկություն՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն համամասնորեն, այսինքն՝ 1 քառակուսի կիլոմետրը փոխել մեկ այլ 1 քառակուսի կիլոմետրի հետ, այդ հարցով մենք պետք է մոտենանք և դիմենք ժողովրդին, թե ինչքանով է համաձայն նման լուծումների հետ»,- ասաց նա: