Կիրակի Իսրայելում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ համազգային բողոքի ակցիայի, պահանջելով համաձայնագիր կնքել Գազայի պատանդներին ազատ արձակելու համար: Ցուցարարները փակել էին գլխավոր ճանապարհները և խաթարել երկաթուղային հաղորդակցությունը: Երուսաղեմում և Թել Ավիվում փակվել են բազմաթիվ ձեռնարկություններ, գրում է BBC-ն:
Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կառավարության ծրագրերը վտանգում են ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պատանդ պահվող մոտ 20 քաղաքացու կյանքը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է բողոքի ցույցերը՝ նշելով, որ դրանք «կկոշտացնեն ՀԱՄԱՍ-ի դիրքերը» և կդանդաղեցնեն պատանդների ազատ արձակման գործընթացը:
Թել Ավիվում հատուկջոկատայիններն ուժ գործադրելով ցրել են իշխող «Լիքուդ» կուսակցության գլխավոր գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ցույցը: Հաղորդվում է, որ դա Իսրայելում կազմակերպված ամենամեծ հանրահավաքն էր վերջին մոտ 2 տարում:
Բողոքի ակցիայի շրջանակում որոշ շրջաններում հայտարարվել է մեկօրյա համազգային գործադուլ, որի արդյունքում փակվել են ճանապարհները, գրասենյակներն ու համալսարանները: Մեկ օրվա ընթացքում ձերբակալվել է մոտ 40 մարդ:
BBC-ն հիշեցնում է, որ բողոքի ցույցերը սկսվել են մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմական կաբինետը քվեարկել է Գազայի հատվածի ամենամեծ քաղաքը օկուպացնելու և նրա բնակչությանը վտարելու օգտին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է այդ որոշումը: