Ամերիկյան կործանիչները ուղեկցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«F-22 կործանիչները ուղեկցել են Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կրեմլի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել։
Հիշեցնենք՝ մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ-ից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։
Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին, Թրամփը նշել է, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել է «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շուտով հեռախոսով իր արդյունքների մասին տեղեկացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին: