Այսօր մի շարք եվրոպացի առաջնորդներ տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Դրանք ընթացել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ և խիստ գաղտնի պայմաններում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, և դրա ճակատագիրը կախված կլինի առաջիկա օրերի և շաբաթների բանակցություններից։ Նա նաև նշել է եվրոպական երկրների դիրքորոշումը, ըստ որի՝ Ուկրաինայի տարածքային հարցերը պետք է քննարկվեն միայն Կիևի մասնակցությամբ։
Եվրոպական առաջնորդների, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հայտարարել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է քննարկել տարածքային հարցը Ռուսաստանի հետ, սակայն դրա մեկնարկային կետը պետք է լինի այսպես կոչված «շփման գիծը»։
Sky News-ն էլ, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Եվրամիությունը գնահատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական մեղմացման հնարավորությունը, եթե Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր կնքվի։
Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ում հույս ունեն անհապաղ համաձայնության հասնել 15-օրյա զինադադարի շուրջ՝ մինչև «ռազմական գործողությունների կայուն դադարը»: Նշվում է, որ հրադադարի ժամանակահատվածում պատժամիջոցները կշարունակեն գործել: