Կիրակի լույս երկուշաբթի գիշերն Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով մի շարք հարվածներ են հասցրել Ռուսաստանի շրջաններին՝ թիրախավորելով պաշտպանական արդյունաբերության համար աշխատող ձեռնարկություններն ու ենթակառուցվածքները, հաղորդում է DW-ն։
Թիրախներից մեկը Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող Արզամասի գործիքաշինական գործարանն էր։ Այն արտադրում է սարքեր ավիացիոն և տիեզերական արդյունաբերության, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքներ:
Մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի խոսքով՝ ձեռնարկության մի աշխատակից զոհվել է, երկուսը՝ վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։
Կիրակի գիշերն անօդաչու սարքերով հարձակման է ենթարկվել Սարատովի նավթավերամշակման գործարանը։ Ձեռնարկությունում տեղի են ունեցել պայթյուններ և հրդեհ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշված է, որ այն «Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքների հիմնական օբյեկտներից մեկն է, որը օկուպացիոն ուժերին նավթամթերք է մատակարարում»։
Դրոններով հարձակման է ենթարկվել ևս մեկ նավթավերամշակման գործարան, այս անգամ Ուկրաինայից մոտ 2000 կիլոմետր հեռու գտնվող Կոմիի Հանրապետությունում։ Ուկրաինական ԶԼՄ-ները, հղում անելով ռազմական հետախուզության աղբյուրներին, տեղեկացրել են, որ դրոնները խոցել են նավթամթերքով բաքը և վնասել գազի վերամշակման կայանն ու գազային կոնդենսատը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք երկրի մի շարք մարզերում, որից 7-ը՝ Մոսկվայի ուղղությամբ:
Ուկրաինական դրոնների հարձակումների պատճառով Ռուսաստանի մի քանի օդանավակայաններում, մասնավորապես՝ Սարատովում, Վոլգոգրադում, Կալուգայում և Նիժնի Նովգորոդում, սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման նկատմամբ, հայտնել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը։