Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերը նշանակալի առաջընթաց են արձանագրում բազմամյա հակամարտության դադարեցման գործում՝ նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարության մեջ, որը տարածել է Անիտա Հիպերը:
«Խորին երախտագիտություն ենք հայտնում երկու կողմերին և ԱՄՆ վարչակազմին՝ այս դինամիկան օգտագործելու և առաջընթացը հնարավոր դարձնելու համար: Այժմ կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։
Անցյալ տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարևոր ու վճռական հաջորդ քայլն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին, որոնք, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հետ, հիմնված են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման վրա: Ակնկալվում է, որ կյանքի կոչումից հետո այսօր համաձայնեցված քայլերը դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կօգնեն հակամարտությունների ժառանգությամբ բաժանված հասարակությունները մոտեցնել կայուն խաղաղությանը և համընդհանուր բարգավաճմանը:
ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկար տարիներ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Մենք նախկինի պես պատրաստ ենք աշխատել գործընկերների հետ լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և փորձագիտական գիտելիքներ, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ: