Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը հայտարարել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը պատմականորեն կարևոր նվաճում է համարում, որը վերջ է դրել տևական ռազմական հակամարտությանը:
«Փաստաթուղթը նաև ճանապարհ բացեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկրների միջև երկարատև խաղաղության վրա հիմնված համագործակցության զարգացման համար։ Նախագահը նշում է, որ Ղազախստանը նույնպես իր ներդրումն է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև նման կարևոր համաձայնությունների ձեռքբերման գործում՝ առաջարկելով Ալմաթի քաղաքը՝ որպես խաղաղության պայմանագրի հիմնական պարամետրերի շուրջ արտաքին գործերի նախարարների մակարդակով բանակցությունների վայր»,- ասել է Ժելդիբայը։
Նշվում է, որ Ղազախստանի նախագահի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև եզակի համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արդյունավետ միջնորդական դերի շնորհիվ, որը կարողացավ համոզել երկրների ղեկավարներին՝ ցուցաբերել քաղաքական կամք և ռազմավարական հեռատեսություն: