ՄԱԿ-ը և մի շարք երկրներ դժգոհություն են հայտնել Գազան օկուպացնելու Իսրայելի ծրագրերի վերաբերյալ և կոչ են արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարվել այդ որոշումից, հայտնում է ԶԼՄ-ները:
«Գազայի օկուպացված հատվածն ամբողջությամբ գրավելու Իսրայելի իշխանությունների ծրագիրը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի»,- ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը: Նրա կարծիքով՝ նման գործողությունները կհանգեցնեն ավելի շատ մահերի և ավերածությունների անկլավում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը «խոչընդոտել» Իսրայելի ծրագրին՝ նշելով, որ այն նպատակ ունի «պաղեստինցիներին բռնի տեղահանել իրենց սեփական հողերից»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Իսրայելի որոշումը սխալ է անվանել։ Նրա խոսքով՝ այդ քայլը «չի օգնի դադարեցնելու հակամարտությունը կամ ապահովելու պատանդների ազատ արձակումը, այլ միայն կհանգեցնի նոր արյունահեղության»։ Նա կոչ է արել Իսրայելին անհապաղ վերանայել իր որոշումը։
Գազայում մարդասիրական իրավիճակի վատթարացմամբ մտահոգություն է հայտնել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը նույնպես քննադատել է Թել Ավիվի ծրագրերը՝ ասելով, որ Իսրայելը «չպետք է գնա այն ճանապարհով, որը միայն կվատթարացնի Գազայում մարդասիրական աղետը»։
Գերմանիայի կառավարությունն էլ ժամանակավորապես դադարեցրել է Իսրայելին զենքի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Գազայում: Բեռլինը դարձյալ խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շարունակական տառապանքների կապակցությամբ։
Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները հաղորդել են, որ Եգիպտոսը նամակ է ուղարկել ԱՄՆ-ին՝ զգուշացնելով, որ Իսրայելի որոշման պատճառով ՀԱՄԱՍ-ը մահապատժի կենթարկի մնացած իսրայելցի պատանդներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ որոշումը «իրականում կախված է Իսրայելից», և բանակցությունների խափանման համար մեղադրել էր ՀԱՄԱՍ-ին։
Իսրայելի ներսում էլ որոշման վերաբերյալ հակասական արձագանքներ են: Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը դատապարտել է կառավարության ծրագիրը՝ ասելով, որ այն հակասում է ռազմական ղեկավարության առաջարկություններին: Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հինգշաբթի զգուշացրել էր, որ ծրագիրը կվտանգի իսրայելցի պատանդների ու զինվորականների կյանքը:
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ և նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի կարծիքով՝ կաբինետի գործողություններն ապացուցում են, որ «որոշումներն ընդունվում են անվտանգության նկատառումներին և պատերազմի նպատակներին հակառակ»։