ԱՄՆ-ն կրկնապատկել է պարգևն այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը: Այժմ այդ գումարը կազմում է 50 միլիոն դոլար, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
25 միլիոն դոլար պարգևը Միացյալ Նահանգները սահմանել էր 2025 թվականի հունվարին։ Նոր գումարը ամենամեծն է, որը Միացյալ Նահանգները երբևէ առաջարկել է, հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։ Նրա խոսքով՝ դա կրկնակի գերազանցում է «Ալ-Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադենի համար առաջարկված գումարը՝ գրում է BBC-ն։
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն կրկնապատկված պարգևն անվանել է «խղճուկ», իսկ ԱՄՆ հայտարարությունները՝ «քաղաքական քարոզչություն»։ Կարակասը Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2019 թվականին, երբ Վաշինգտոնը հրաժարվել է ճանաչել Մադուրոյի հաղթանակը նախագահի ընտրությունում։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ և նավթային էմբարգո է սահմանել Վենեսուելայի նկատմամբ։
Վաշինգտոնը Մադուրոյին և Վենեսուելայի մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ թմրավաճառության և կոռուպցիայի համար, իսկ Մադուրոյին անվանել «աշխարհի ամենամեծ թմրավաճառներից մեկը»։
Այս տարվա սկզբին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Մադուրոյի կառավարության դեմ պատժամիջոցներ են սահմանել նաև Մեծ Բրիտանիան և ԵՄ-ը: