Տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններն ունեն հումքի մեծ պահանջարկ, և որպեսզի կարողանան պատրաստի արտադրանքը ԵՄ երկրներ արտահանել, նրանց տրվել է աջակցություն՝ մաքսատուրքի արտոնություն:
Միևնույն ժամանակ նրանք ԵԱՏՄ շուկայում այդ խնդիրը չունեն, ստացվում է՝ հարմարավետ միջավայր է ստեղծվել արտադրության և արտահանման խթանման համար, և սա բերել է նրան, որ այդ տնտեսվարողներն ունեն մեծ հումքի կարիք, որովհետև ՀՀ-ն տեքստիլի հումք արտադրող երկիր չէ, և այդպիսի պոտենցիալ էլ չունենք և չենք կարող ունենալ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով ոլորտի աջակցությանն ուղղված որոշման նախագիծը:
«Որպեսզի հումքի ձեռքբերումը մատչելի դարձնենք նրանց համար, մենք ասում ենք, որ եթե դուք Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից հումք ներկրեք ՀՀ և ՀՀ տարածքում գործող ու լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստանաք վարկեր այդ նպատակի համար, ապա մինչև 12 ամիս ժամկետով մենք կսուբսիդավորենք այդ վարկի տոկոսները՝ 8 տոկոսային կետը՝ դրամի դեպքում, 6 տոկոսային կետը՝ արտարժույթի դեպքում: Ասենք՝ եթե 8 տոկոսով վերցրել է, մենք 6-ը սուբսիդավորում ենք, ինքը վճարում է մնացած 2 տոկոսը:
Նախագծով նախատեսվում է սուբսիդավորել այն տնտեսվարողներին, որոնք նախորդ 365 օրերի ընթացքում ունեցել են արտահանում՝ բացառությամբ վերարտահանման, իսկ սուբսիդավորման չափը նախատեսվում է տնտեսվարողի՝ նախորդ 2 տարվա արտահանման ծավալի չափով դրամային արտահայտությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս կերպ նախատեսվում է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը և ապահովել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար միջազգային շուկաներում նրանց ներկայացվածությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրրքվեց՝ ինչո՞ւ է սահմանափակվել երկրների ցանկը, որտեղից պետք է հումք ներմուծվի Հայաստան: Ըստ փոխվարչապետի՝ պետք է մտածել այս ուղղությամբ, որպեսզի այլ երկրներին չթվա՝ սա թիրախավորված գործընթաց է:
«Այսինքն՝ եթե տնտեսվարողները մեզ դիմեն այլ երկրներ ցանկում ընդգրկելու խնդրանքով, կարծում եմ՝ սա կանենք ավտոմատ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների պարագայում»,- ասաց փոխվարչապետը: