Եթովպական Ethiopian Airlines ավիաընկերությունը հրաժարվել է իր ուղևորատար ինքնաթիռները տրամադրել Ռուսաստանին վարձակալության նպատակով: Եթովպիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ընդունել է ռուսաստանյան պատվիրակության հետ բանակցությունների փաստը, միաժամանակ նշել է, որ չունի Ethiopian Airlines ավիաընկերությանը ինքնաթիռների լիզինգի վերաբերյալ հրահանգներ տալու իրավասություն: Այս մասին գրել է եթովպական նորությունների Addis Insight պորտալը:
Ethiopian Airlines Group-ի գործադիր տնօրենը նշել է ռուսներին ինքնաթիռներ վարձակալության տրամադրելուց հրաժարվելու երկու հիմնական պատճառ: Նախ՝ Ethiopian Airlines-ը ներկայումս ակտիվորեն ընդլայնում է իր գործունեությունը և ինքն է փնտրում լրացուցիչ ինքնաթիռներ՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող պահանջարկը բավարարելու համար:
Բացի այդ, գործադիր տնօրենը մատնանշել է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով և ԱՄՆ պահանջները չկատարելու ռիսկերը: