ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է «պատժամիջոցներով», որոնք նրան կստիպեն դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մասնավորապես, խոսքը ռուսական «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցների մասին է, որոնք Վաշինգտոնը կարող է կիրառել, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադար հաստատել մինչև օգոստոսի 8-ը, նշում է պարբերականը։
Եթե ռուսական նավթ տեղափոխող նավերը շրջանցեն միջազգային սահմանափակումները և հայտնվեն սև ցուցակում, դա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ այս տարվա հունվարին Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո, նշել են հոդվածի հեղինակները։
Պարբերականի անանուն աղբյուրներից երկուսն ասել են, որ ռուսական «ստվերային նավատորմի» դեմ ԱՄՆ պատժամիջոցները դիտվում են որպես Ռուսաստանին կորուստներ պատճառելու առաջին հեշտ քայլ։ Երրորդ աղբյուրը լրագրողներին ասել է, որ «ստվերային նավատորմի» դեմ սահմանափակող միջոցառումներից մեկն է, որոնք քննարկում է Թրամփի վարչակազմը։
Հուլիսին ԵՄ-ն ռուսական «ստվերային նավատորմի» պատժամիջոցների տակ գտնվող նավերի ցանկը հասցրել է 415-ի՝ ավելացնելով ևս 100 լցանավ։
Պատժամիջոցները ենթադրում են, որ Արևմուտքի հետ կապված ընկերություններին արգելվում է ռուսական ծովային նավթը գնել G7-ի սահմանած «առաստաղից» բարձր գնով՝ 60 դոլար մեկ բարել հում նավթի համար: