Լեհաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Կարոլ Նավրոցկու երդմնակալության արարողությունը: Նավրոցկին իր ելույթում խոստացել է լինել «լեհ ժողովրդի ձայնը»։
«Այս ընտրությունն ինքնիշխան ժողովրդի կողմից ողջ քաղաքական դասին հստակ ազդանշան տվեց, որ չի կարելի շարունակել կառավարել երկիրը այնպես, ինչպես դա արվում էր մինչ այժմ։ Լեհաստանը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին այսօր է»,- հայտարարել է նախագահը։
Նա վստահեցրել է, որ պայքարելու է ապօրինի ներգաղթի դեմ, ինչպես նաև դեմ է հանդես գալու եվրոյի գոտուն միանալուն: Նավրոցկին խոստացել է արգելափակել երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու՝ կառավարության ցանկացած փորձ:
Նավրոցկին հաղթել է նախագահի ընտրության երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ ստանալով ձայների 50,89%-ը, իսկ նրա հակառակորդը՝ իշխող կուսակցությունը ներկայացնող Ռաֆալ Տշասկովսկին՝ ձայների 49,11%-ը: