Բրիտանական BP (British Petroleum) նավթագազային ընկերությունն օգոստոսի 4-ին հայտարարել է Բրազիլիայի ափերի մոտ վերջին 25 տարվա ընթացքում նավթի և գազի խոշորագույն հանքավայրի հայտնաբերման մասին: Այն ստացել է «Բումերանգ» անվանումը և գտնվում է Սանտուսի ավազանում, Բրազիլիայի հարավ-արևելքում՝ Ռիո դե Ժանեյրոյից 404 կմ հեռու:
Հանքավայրն Ատլանտյան օվկիանոսում աղի շերտի տակ է։ Ավելի քան 300 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով օգտակար հանածոների պաշարները հայտնաբերվել են 5855 մետր խորությամբ հորատման արդյունքում:
Ընկերությունը նշել է, որ ածխաթթու գազի բարձր կոնցենտրացիան կարող է բարդացնել արդյունահանումը և մեծացնել վերամշակման արժեքը: Այժմ BP-ն լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ է անցկացնում, որոնք թույլ կտան ճշգրիտ որոշել հանքավայրի հնարավորությունները:
Սա 2025 թվականին BP-ի հայտնաբերած տասներորդ նավթագազային հանքավայրն է: Մինչ այդ ընկերության մասնագետները հանքավայրեր էին հայտնաբերել նաև Տրինիդադում, Եգիպտոսում, Մեքսիկական ծոցում, Լիբիայում, Նամիբիայում և Անգոլայում։
«Բումերանգից» առաջ բրիտանական ընկերության պատմության մեջ ամենամեծ հանքավայրը 25 տարի եղել է «Շահ Դենիզը», որը հայտնաբերվել էր Ադրբեջանում 1999 թվականին: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ դրա մակերեսը գերազանցում է 140 քառակուսի կիլոմետրը: Հանքավայրի օպերատորը BP-ն է, բայց այնտեղ արդյունահանում են իրականացնում նաև ռուսական մասնավոր «Լուկօյլ» ընկերությունը, ինչպես նաև ադրբեջանական և թուրքական SOCAR-ը և TPAO պետական ընկերությունները: