Թիվ 50 երթուղին սպասրկող ավտոբուսի ուղղությամբ արձակված ենթադրյալ կրակոցի վերաբերյալ քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը` Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։
Տուժածներ չկան։
Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից։ Այսքանը»,- գրել է Ասատրյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա։