Հսկիչները շրջելու են, զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգել, թե քաղաքացին կոնկրետ տրանսպորտային միջոցում վճարում իրականացրե՞լ է, թե՞ չէ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտային ծառայությունից օգտվելիս ուղետոմսի համար չվճարած քաղաքացիներին տուգանելու գործընթացին:
«Մենք որևիցե գումարի հավաքագրման խնդիր չենք ուզում ստեղծել տուգանքների տեսքով: Մենք ուղղակի ուզում ենք, որ քաղաքացիներն այն ուղեվարձը, որը նախատեսված է, ուղղակի վճարեն»,-ասաց նա:
Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ առաջին օրերին այն մարդկանց հանդեպ, որոնք անտեղյակ են գործընթացից, չի լինելու կոշտ մոտեցում՝ անմիջապես բռնել-տուգանել:
«Մենք պետք է հավաստված լինենք, որ մարդիկ չարամտորեն դա չեն իրականացնում, որի դրսևորումն էլ շատ կա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունել էր մի նախագիծ, համաձայն որի՝ տուգանք է սահմանվում, եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում տուգանքը 15 հազար դրամ է, իսկ եթե ուղևորն ունի նման արտոնություն, բայց չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ունի համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել, այդ դեպքում տուգանքը կլինի 3000 դրամ: