Երբ ասում ենք՝ մեզ պետք է լրացուցիչ 18 մետրանոց 249 ավտոբուս, դա նշանակում է, որ եղած շարժակազմը բավարար չէ պատշաճ որակի ամբողջական ապահովման համար: Բնականաբար, եթե հնարավոր լիներ եղած շարժակազմում իդեալական պայմաններ ապահովել, որ մարդիկ կանգառում նախատեսված չվացուցակից ավելի չսպասեին, հարց էր առաջանալու՝ իսկ այդ լրացուցիչ ավտոբուսներն ինչի՞ համար են գնում, եթե եղածը բավարար է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով քաղաքացիների բողոքներին, թե կանգառներում երկար են սպասում:
«Սա շարունակական աշխատանք է: Որ ասեք՝ իդելական լինելո՞ւ է սեպտեմբերին: Ո՛չ այսօր է իդեալական, ո՛չ սեպտեմբերին է լինելու իդեալական և չի լինելու իդեալական, քանի դեռ Երևան քաղաքը չունենա ամբողջ շարժակազմի քանակը, որն իրեն անհրաժեշտ է:
Բայց արդյոք իրավիճակը նախորդ իրավիճակից բարելավվե՞լ է: Իմ կարծիքով՝ այո՛: Շարունակո՞ւմ է բարելավվել: Իմ կարծիքով՝ այո՛: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները բազմաթիվ դրսևորումներ կարող են տեսնել, որ իրենց ավելի վճարած գումարն ակներև տեսնում են՝ ինչի վրա է ծախսվում»,- ասաց նա՝ հավելելով, որ գումարը գնում է շարժակազմի բարելավմանը: