Օգոստոսի 1-ից միասնական տոմսային համակարգում այլևս չեն գործածվում թղթային QR ուղետոմսերը: Որոշումը պայմանավորված է թե՛ տեխնիկական, թե՛ էկոլոգիական նկատառումներով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Փոխքաղաքապետը ներկայացրեց նաև QR ուղետոմսերի այլընտրանքները: Ըստ այդմ՝ ուղևորը կարող է ձեռք բերել տրանսպորտային քարտ, պարբերաբար լիցքավորել այն և օգտվել տրանսպորտային ծառայություններից: Քարտը հնարավոր է լիցքավորել Telcell դրամապանակի, տերմինալների միջոցով, ինչպես նաև transport.yerevan.am կայքի միջոցով: Սուրեն Գրիգորյանը կարևորեց տրանսպորտային քարտը նախապես լիցքավորելը, քանի որ տեղում տրանսպորտային միջոցից օգտվելուց առաջ լիցքավորելը ժամանակ է պահանջում, որպեսզի գումարը տեղ հասնի:
«Երբ մարդը մոտենում է, հենց այդ պահին անմիջապես լիցքավորում է ու ցանկանում է օգտվել, որոշակի ժամանակ է պահանջվում, սովորաբար՝ 2-5 րոպե, որպեսզի ամբողջ տեղեկատվությունը համակարգում պտտվի, և վալիդատոր սարքն իմանա, որ քարտի վրա կա ուղետոմս: Անհարմարություններից խուսափելու համար շատ եմ հորդորում՝ լիցքավորումն անել նախապես»,- ասաց նա:
QR ուղետոմսերի երկրորդ այլընտրանքն այն է, որ Тelcell տերմինալով վճարում կատարելուն սովոր քաղաքացիները համակարգում գրանցում են իրենց հեռախոսահամարը՝ առանց անձի նույնականացման, և նույն հեռախոսահամարով ձեռք բերված տոմսերը 10 վայրկյանի կամ կես րոպեի ընթացքում հայտնվում են դրամապանակում:
Ինչ վերաբերում է քարտով վճարումներին, որոնց դեպքում գործարքը մերժվում է, իսկ որոշ ժամանակ անց գումար է գանձվում, Սուրեն Գրիգորյանը բացատրում է քարտի անբավարար միջոցներով: Ըստ նրա՝ տրանսպորտում սարքն աշխատում է օֆլայն ռեժիմով, և եթե քարտում կան անբավարար միջոցներ, բայց սարքը քարտին հպման ժամանակ գանձում է կատարում, ապա քարտն ընկնում է սև ցուցակ ու պարբերաբար փորձ է արվում գումարը գանձել, մինչև այդ քարտի մեջ բավարար միջոցներ են հայտնվում: Հենց գումար է մտնում քարտի մեջ, պարտք գնացած գումարը գանձվում է:
«Բոլոր դեպքերը, որոնք ես ուսումնասիրել եմ, նախորդ պարտքի գանձումն է եղել, որի մասին մարդը հաճախ չի իմանում, որովհետև երբ պահումը, գանձումն իրականացվում են, չեն մտնում, ստուգում՝ գանձեց-չգանձեց:
40-ից ավելի դեպք ենք այս առումով ուսումնասիրել, բոլոր դեպքերում այս օրինակն է եղել»,- ասաց նա: