Հուլիսի 30-ին՝ ժամը 17:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բուսածածկ տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։11-ին, մարվել՝ 22։33-ին։ Այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի բնակելի հատված։