Երեկ վաղ առավոտյան վթարվել էր Հրաչյա Քոչար 27 հասցեի կոյատար համակարգը՝ ժամեր շարունակ ողողելով ամբողջ տարածքը: «Վեոլիա Ջուր» ընկերությունից 1lurer.am-ին հայտնել են, որ ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն անմիջապես արձագանքել է ահազանգերին և փորձել վերացնել խցանումը, սակայն տեղում պարզվել է, որ կոյուղու մի հատված ամբողջությամբ կոտրված է, անհրաժեշտ է փոխել կոյագծի մոտ 50 մետր հատված:
Ընկերության աշխատակիցները խցափակել են վթարված հատվածն ու կատարել նախապատրաստական աշխատանքներ, որից հետո վթարի վայր է տեղափոխվել 700 մմ տրամաչափի պոլիէթիլենե երկշերտ խողովակաշարը:
Այս պահին Ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասը կապալառու շինարարական կազմակերպության հետ իրականացնում է կոյուղու վթարված հատվածի փոխարինման աշխատանքներ: Նախատեսում են աշխատանքներն ամբողջությամբ ավարտել առաջիկա 2 օրերի ընթացքում:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան