Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելել է Երանոս գյուղի հիմնանորոգված ու նորաբաց մանկապարտեզ։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:
Նրանց ուղեկցում էին Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայքնապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի մանկապարտեզը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, 2019-2024 թվականների ընթացքում։
Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի մեկնարկը տրվել է 2019 թվականից և ընթացել մի քանի փուլով։
2019-2024 թվականների ընթացքում մանկապարտեզի հիմնանորոգման ու կահավորման նպատակով ծախսված ընդհանուր գումարը կազմում է 267,1 միլիոն դրամ։
2024 թվականի հոկտեմբերին, ծրագրի վերջին փուլով իրականացվել են մանկապարտեզի շենքի բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և խաղարանների տեղադրման աշխատանքներ։
2025 թվականի մայիսից արդի չափորոշիչներին համապատասխանող Երանոսի մանկապարտեզն իր դռներն է բացել 90 սանի առջև: