Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայը և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը համաձայնության են եկել անհապաղ և անվերապահ հրադադարի շուրջ, հայտնել է բանակցություններում միջնորդի դերում հանդես եկող Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը՝ հաղորդում է Reuters-ը։
Հակամարտությունը սկսվել է հուլիսի 24-ի վաղ առավոտյան, Տրատի վիճելի տարածքում։ Երկու կողմն էլ օգտագործել է կործանիչներ, հրթիռային կայաններ և ծանր հրետանի, ինչի հետևանքով հակամարտության գոտուց տարհանվել է ավելի քան 100000 մարդ։ Թաիլանդը հայտարարել է, որ բախումների հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ վեց զինվոր։ Ավելի քան 60 մարդ վիրավորվել է։ Կամբոջան հայտնել է 13 մահվան մասին։
Երկու օր անց՝ հուլիսի 26-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ բանակցություններից հետո կողմերը ցանկություն են հայտնել դադարեցնել կրակը, և դա տեղի կունենա շուտով։ Նույն օրը վարչապետ Մանեթը հաստատել է կրակի դադարեցման որոշումը։
Ըստ վերջին տեղեկությունների Պուտրաջայա քաղաքում (Մալայզիա) սկսվել են բանակցությունները Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի և Կամբոջայի վարչապետի միջև սահմանային հակամարտության կարգավորման հարցի շուրջ։
Բանակցություններին մասնակցում են նաև ԱՄՆ ներկայացուցիչներ։