Եմենի հութիները, հանդես գալով Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի և անկլավի շրջափակման դեմ, հայտարարել են Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին, հայտնում է Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը։
«Մենք որոշել ենք ակտիվացնել մեր ռազմական աջակցության գործողությունները և սկսել թշնամու (Իսրայելի) ծովային շրջափակման չորրորդ փուլը։ Այն ներառում է հարձակումներ Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող ցանկացած ընկերության բոլոր նավերի վրա՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից»,- ասվում է հութիների հայտարարության մեջ:
Հութիները բոլոր բեռնափոխադրող ընկերություններին կոչ են արել «դադարեցնել համագործակցությունն Իսրայելի նավահանգիստների հետ», իսկ պետություններին՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա, «դադարեցնելու ագրեսիան և վերացնելու Գազայի հատվածի շրջափակումը՝ էսկալացիայից խուսափելու համար»:
Խմբավորումը վստահեցրել է, որ հարձակումները անմիջապես կդադարեցվեն, «հենց ավարտվի Գազայի դեմ ագրեսիան և վերացվի շրջափակումը»։