Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող այգիների, մասնավորապես՝ երկարաժամկետ վարձակալության տրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգու վիճակին, որի մասով այժմ դատական գործընթաց կա։
«Դատական պրոցեսների շատ-շատ երկար ձգձգումները բերում են նրան, որ այդ այգիները սկսում են չորանալ։ Պետք է խնդրեմ՝ անկախ նրանից՝ վարձակալվա՞ծ է, թե՞ չէ, գնացեք ջրե՛ք այգին, որովհետև հետո մենք ենք պատասխան տալու»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարելով ջրել այգին՝ անկախ այն հանգամանքից, որ այգին քաղաքապետարանի ենթակայության չէ։
«Ամեն կերպ պայքարում են, որ այգին մնա իրենց մոտ, որ չորացնե՞ն այգին։ Դա՞ է նպատակը։ Եթե դա է նպատակը, մի հատ էլ համապատասխան հետևանք պետք է իրենց համար ունենա չհետևելը, որովհետև սա քաղաքացուն ուղիղ հասցված վնաս է։ Վնասում են մեզ՝ երևանցիներիս, Երևան քաղաքին, և իրենք պետք է պատժվեն։ Իսկ դուք գնացեք ջրե՛ք»,- հանձնարարեց Ավինյանը։
Քաղաքապետին նաև զեկուցվեց, որ ոչ միայն չի ջրվում այգին անցյալ տարվանից, այլև սանիտարական վիճակը ոչ բարվոք է, իսկ չջրելու հետևանքով նույնիսկ սոսի է տապալվել:
Քաղաքապետն իր հերթին ուշադրությունը հրավիրեց դատական ատյաններում գտնվող գործերի վրա:
«Երբ այս պրոցեսները շատ երկար են տևում, դրանք բերում են շատ վատ հետևանքների: Խնդրում եմ՝ այս տեսակ գործերի, մանավանդ հանրային կարևորություն, հանրային շահ ունեցող գործերի վրա մի փոքր ուշադրությունը սևեռել, շատ երկար պրոցեսներ չիրականացնել ու ինչ-որ ուղղությամբ որոշում կայացնել, որովհետև միայն այս գործը տարուց ավելի է՝ քննվում է։ Տարուց ավելի՝ քննվում է, այգին չորացավ»,- ասաց նա։