Մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում հորդառատ անձրևների ընթացքում հեղեղվել են մայթեր, փողոցներ, ստորգետնյա տրանսպորտային հանգույցներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով հուլիսի 25-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքները։
Ըստ Արեյանի՝ մայրաքաղաքում տեղացել է հուլիսի նորման կրկնակի գերազանցող տեղումների քանակ՝ հասնելով 18 միլիմետրի, այսինքն՝ 20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան 1 ամսվա նորման էր:
«Անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չկար մայրաքաղաքում, այսինքն՝ համակարգն ամբողջ ծավալը քաշել էր: Բայց, այնուամենայնիվ, ինտենսիվությունը և տեղումների առատությունը հանգեցրին որոշակի խնդիրների։ Ջրային կուտակումների և դժվարանցանելի հատվածների 20 դեպք է գրանցվել մայրաքաղաքում»,- ասաց նա:
Ըստ Արեյանի՝ խնդրահարույց էին «Հաղթանակ» կամուրջը, Քրիստափորի փողոցի մետրոպոլիտենի կամրջի և «Գործարանային» կայարանի հատվածները, իսկ փողոցներից ամենախնդրահարույցը Գյուրջյանն ու Օրբելին էր։
Գրանցվել է նաև 15 ծառերի և ճյուղերի տապալման դեպք, էլեկտրասյուների մալուխների բռնկման 25 դեպք, տանիքների և ջրհորդան խողովակների խաթարման 5 դեպք, քարաթափումների և փլուզումների 4 դեպք։
«Պատրաստել ենք 50 հասցեների նախագծանախահաշվային փաստաթղթերը, և այս պահին այդ ծավալը ֆինանսական առումով կազմում է 10 մլրդ 88 մլն դրամ 52.6 կիլոմետրի համար»,- ասաց նա և հավելեց, որ այսօր «Վեոլիա ջուրը» կշարունակի հեղեղումներից հետո անձրևընդունիչ հորերից բոլոր բերվածքների մաքրման աշխատանքները:
«Բոլոր հետևանքները վերացված են, քարաթափումներից ամենադժվարը Հալաբյան-Հրազդան կիրճ տանող ճանապարհն էր, որի մի կողմը փակվել էր, հաջորդ իսկ օրը բացել են ամբողջ ճանապարհը, և ամբողջ այս համակարգի սպասարկման խնդիրը մեզ համար դառնում է առաջնահերթ «Վեոլիա ջրի» հետ, որպեսզի խուսափենք նման կուտակումներից»,- ասաց նա:
Քաղաքապետի խորհրդականը նաև վստահեցրեց, որ քաղաքապետի՝ ամիսներ առաջ տված հանձնարարականն արդեն իսկ կատարվել է, գույքագրվել են քաղաքում հեղեղատար համակարգեր չունեցող հատվածները և վերականգնման ենթակա տեղանքները։ Մայրաքաղաքի՝ հեղեղատար չունեցող 50 հատվածների համար պատվիրվել են 50 հասցեների կառուցման-վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, անցել են փորձաքննություն: