ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։
Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաների և փաթեթավորման ժամանակակից միտումների ամբողջ շղթային՝ շեշտելով, որ ավանդույթն ու նորարարությունը կարող են համադրվել և համատեղ նպաստել ոլորտի շարունակական զարգացմանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են տեղական և միջազգային փորձագետներ։ Քննարկման առանցքում էին ոլորտի զարգացման մարտահրավերներն ու հնարավորությունները՝ նպաստելով մասնագիտական երկխոսությանը, փորձի փոխանակմանն ու ոլորտային համախմբված լուծումների մշակմանը։