Գազայի հատվածում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 115-ի: Պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածներից ևս նոր զոհեր են գրանցվել, որոնց մի մասը՝ սննդի բաշխման կենտրոնների մոտ: Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը գերազանցել է 59200-ը:
Միևնույն ժամանակ, AFP, The Associated Press, Reuters լրատվական գործակալությունները և BBC-ն համատեղ հայտարարություն են տարածել՝ Իսրայելի իշխանություններին կոչ անելով սովից տառապող լրագրողներին թույլ տալ հեռանալ Գազայի հատվածից:
Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության համաձայն՝ իսրայելցի բանակցողները հետ են կանչվել Կատարից, որպեսզի քննարկեն ՀԱՄԱՍ-ի տված պատասխանը հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ առաջարկին:
Իսկ Եվրոպական խորհրդարանի 60-ից ավելի անդամ նամակ է ուղղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին՝ պահանջելով հրատապ հանդիպում անցկացնել և կոնկրետ գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ: