Դոնալդ Թրամփի վարչակազմը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից, ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը։ Այդ մասին նշված է Սպիտակ տան կայքում երեքշաբթի՝ հուլիսի 22-ին։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա մասնակցությունը չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին: Կազմակերպությունը չափազանց շեշտադրում է միջազգային զարգացման գլոբալիստական գաղափարախոսական օրակարգը, որը հակասում է մեր արտաքին քաղաքականությանը՝ «Առաջինը՝ Ամերիկան» կարգախոսի ներքո»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն արդեն հրապարակել է պատասխան հայտարարությունը, որում ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Նրա խոսքով՝ կազմակերպությունը պատրաստվել է իրադարձությունների նման զարգացմանը, իսկ Սպիտակ տան որոշումն առաջին հերթին կհարվածի ԱՄՆ-ում մշակութային ծրագրերին: Այժմ այդ երկրին բաժին է ընկնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի 8 տոկոսը, նշել Է Ազուլեն։
2017 թվականին Դոնալդ Թրամփի որոշումից հետո Միացյալ Նահանգները դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, բայց վերադարձավ այդ կազմակերպություն Ջո Բայդենի օրոք։
ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ որոշումը քննադատել է Չինաստանի ԱԳՆ-ն: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը չի համապատասխանում պատասխանատու խոշոր տերության պահվածքին: Իսրայելը, հակառակը, պաշտպանել է Վաշինգտոնի այդ քայլը: