Հուլիսի 21-ին անցկացվել է «Ռենջեր» մրցանակաբաշխությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախարարության ղեկավար կազմը, Գեղարքունիքի մարզպետը, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմն ու ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարը.
«Էկոպարեկային ծառայությունն այսօր պետության կողմից իրականացվող բնապահպանական քաղաքականության կարևոր օղակներից է։ Բնության պահապանները՝ էկոպարեկները, իրականացնում են ոչ միայն հսկողություն և վերահսկում, այլև կանխարգելիչ և կրթական գործառույթներ՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված աշխատանքների շարունակականությունը։ Նրանց գործունեությունը հստակ օրինակ է ծառայողական բարեխղճության, նվիրումի և մասնագիտական պատասխանատվության»,-նշել է նախարարը։
Մրցույթին մասնակցել են 15 ռենջեր, որոնցից 12-ը՝ Էկոպարեկային ծառայությունից։
Մասնակիցները մրցել են ինչպես տեսական գիտելիքներով, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածությամբ։ Մրցանակային վեց տեղերից հինգը զբաղեցրել են Էկոպարեկային ծառայողներ։
Առաջին տեղ – Արթուր Քոչարյան
Երկրորդ տեղ – Վահե Խաչատրյան, Միքայել Պողոսյան
Երրորդ տեղ – Գևորգ Գասպարյան, Սասուն Շիրինյան, Սասուն Գալստյան