Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Պեկինի և Բրյուսելի հարաբերությունների վրա։
Խոսքը Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցառումների 18-րդ փաթեթի մասին է, որը Եվրամիությունն ընդունել է հուլիսի 18-ին: Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է չինական երկու բանկ, որոնք Եվրամիության տվյալներով՝ զբաղվել են կրիպտոարժութային գործարքներով՝ խաթարելով Մոսկվայի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը։
Փաթեթում ներառված է նաև 26 կազմակերպություն, որոնք ուղղակի կամ անուղղակի աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին կամ մասնակցում են պատժամիջոցների շրջանցմանը։ Դրանցից 7-ը հիմնված են Չինաստանում, այդ թվում՝ Հոնկոնգում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն կոչ է արել եվրոպական կողմին «չխախտել չինական ընկերությունների օրինական շահերն առանց փաստական հիմքերի»։
Չինաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հուլիսի 24-ին կայցելեն Պեկին՝ մասնակցելու Չինաստան-ԵՄ 25-րդ գագաթնաժողովին, որը նվիրված է Պեկինի և Բրյուսելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակին։ Նախատեսված են հանդիպումներ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ։