Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և ուրանը հարստացնել 60 %-ից ավելի, եթե «եվրաեռյակի երկրները» որոշեն ակտիվացնել 2015 թվականի համաձայնագրով նախատեսված պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը:
Ըստ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցչի՝ այս պահին Իրանը կամավոր կերպով դադարեցրել է միայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերաբերյալ լրացուցիչ արձանագրության իրականացումը, սակայն եթե արտաքին ճնշումը շարունակվի, ապա Թեհրանը կարող է փոխել իր քաղաքականությունը:
Էբրահիմ Ռեզային նշել է, որ Իրանը կարող է դիտարկել նաև ժամանակակից ցենտրիֆուգների արտադրությունն ու արտահանումը, ինչպես նաև միջուկային համագործակցության ընդլայնումը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային նախազգուշացրել էր, որ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիվացումն ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը և անդառնալի վնաս կհասցնի դիվանագիտական հարաբերություններին:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան