Ուկրաինան օտարերկրյա զենք արտադրողներին առաջարկել է նորագույն զենքի նմուշների փորձարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության գոտու շփման գծում։ Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության կողմից աջակցվող Brave1 պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համակարգման հարթակի հայտարարությանը։
Տեղեկատվության համաձայն՝ Կիևի առաջարկած «Փորձարկումներ Ուկրաինայում» կոչվող սխեման ենթադրում է, որ արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրանքը կուղարկեն Ուկրաինա, կանցկացնեն դրանց օգտագործման վերաբերյալ առցանց ուսուցում, ապա կսպասեն ուկրաինական զինվորականների զեկույցներին զենքի նմուշների փորձարկումների արդյունքների վերաբերյալ։ Brave1-ը նշել է արտասահմանյան ընկերությունների մեծ հետաքրքրությունն այս նախաձեռնությանը, սակայն չի ներկայացրել, թե կոնկրետ որ ընկերություններն են համաձայնել մասնակցել դրան։
Brave1-ի ավագ աշխատակիցներից մեկը գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ Ուկրաինան հիմնականում ցանկանում է փորձարկել ՀՕՊ համակարգեր, այդ թվում՝ ԱԹՍ-ների որսման տեխնոլոգիաներ, արհեստական բանականության վրա հիմնված ուղղորդման համակարգեր և ռումբերի դեմ պայքարի միջոցներ: