Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը և այդ հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, «Զանգեզուրի միջանցք»-ի հնարավոր արտապատվիրակմանը։
«ՀՀ իշխանություններն ասել են, որ ցանկացած ապաշրջափակում կլինի ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո, այդ թվում՝ նաև վերահսկողությունը, սահմանային գործողությունները։ Ես, բացի դրանից, ուրիշ բան չեմ լսել։ Նման բան ՀՀ պետությունը չի ասել, «միթե»-ների և «եթե»-ների հիման վրա մենք չենք կարող կարծիք հայտնել, ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, այն է՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության ներքո, մնացածը լրատվամիջոցների ենթադրություններն են»,- ասել է նա։
Իրանի դեսպանը շեշտել է՝ ՀՀ վարչապետը հստակ հայտարարել է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ տարածքային ամբողջակամության, ինքնիշխանության ներքո, և վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը, և հնարավորությունների հիման վրա ներկա պահին հնարավոր չէ պաշտոնական դիրքորոշում հայտնել, բայց Իրանի դիրքորոշումն այն է, ինչ միշտ ասել են։
Տարածաշրջանում երրորդ ուժերի հնարավոր ներգրավման պայմաններում Իրանի հնարավոր մտահոգությունների վերաբերյալ դեսպանը ասել է․
«Դրանք լրատվամիջոցների ենթադրություններն են։ Հայտարարվել է, որ գոյություն ունեն առաջարկներ, այն, ինչ ձեր մտքերում հնարավոր եք համարում, դրա մասին ինձնից պետք չէ պաշտոնական դիրքորոշում խնդրել։ Այն, ինչ մենք գիտենք, և ինչի մասին ասել են ՀՀ պաշտոնյաները, այն է, որ ամեն ինչ լինելու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո»։