Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս:
Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում և ակտիվ տարածում սոցցանցերի միջոցով՝ ծրագրի մասին իրազեկվածությունը երիտասարդների, հատկապես՝ նշված համայնքներում բնակվող բնակիչների շրջանում բարձրացնելու նպատակով:
Նախատեսվում է Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված 4 համայնքներում արդեն իսկ դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի մասնագետներից ընտրել 2 ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց, վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։
Դասընթացը անցնելու է ամբողջությամբ առցանց տարբերակով, Միջազգային WSWCF միջազգային ֆեդերացիայի կողմից պատրաստված կրթական ծրագրով։ Ուսուցողական տեսանյութերը (5 տեսանյութ) նկարահանել ֆեդերացիայի մարզիչների մասնակցությամբ, և այդ տեսանյութերը QR կոդերի միջոցով հասանելի են լինելու Հայաստանում մինչ այս կառուցված և ապագայում կառուցվելիք բոլոր վորքաութ տեսակի մարզահրապարակներում։