Վաշինգտոնը ձգտում է ռազմական գործողությունների դադարեցման, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով Իսրայելի հարվածները Սիրիայում, որոնք հաջորդել են արաբական այդ երկրի հարավում իրավիճակի սրմանը, գրում է Reuters-ը:
«Մենք շատ մտահոգված ենք և ցանկանում ենք, որ մարտերը դադարեցվեն։ Մենք կապի մեջ ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հուսով ենք, որ կկարողանանք վերջ դնել դրան»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Սիրիային հասցված հարվածները:
Axios պորտալն էլ հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուլիսի 16-ին դիմել է Իսրայելին՝ դադարեցնելու Սիրիայում ավիահարվածները, որոնց թիրախում են հայտնվել Դամասկոսում Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը և նախագահական պալատը:
Իսրայելական բանակը հաստատել է Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծությունը և այն կապել երկրի հարավում իրավիճակի սրման հետ, որտեղ հուլիսի 13-ից ի վեր տեղի են ունենում բախումներ տեղի լեռնաբնակ դրուզների մասնակցությամբ, որոնց աջակցում է Իսրայելը։