Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է ղեկավարել Ուկրաինայի կառավարությունը։
«Ես առաջարկել եմ, որ Յուլյա Սվիրիդենկոն գլխավորի Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն արդիականացնի դրա աշխատանքը։ Ակնկալում եմ, որ նոր կառավարության գործողությունների ծրագիրը կներկայացվի մոտ ապագայում»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
Հունիսից ի վեր Ուկրաինայում ակտիվորեն տարածվում է տեղեկատվություն, որ Զելենսկու գրասենյակը նախատեսում է պաշտոնանկ անել գործող վարչապետ Դենիս Շմիհալին։ Նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում Սվիրիդենկոյի հնարավոր նշանակման մասին հուլիսի 14-ի առավոտյան հայտնել է ՌԲԿ-Ուկրաինա գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Շմիհալը կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը Ռուստեմ Ումերովի փոխարեն, որը, իր հերթին, կարող է դառնալ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան։