Ուկրաինայում պատերազմը մոտենում է շրջադարձային կետի. դուռը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամիսներ շարունակ բաց էր պահում՝ փորձելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների մեջ ներքաշել, շուտով կփակվի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի բյուջետային հանձնաժողովի հանրապետական նախագահ Լինդսի Գրեհեմը՝ CBS News հեռուստաալիքի եթերում։
Նա հիշեցրել է, որ Սենատում մոտ 85 պատգամավոր պատրաստ է քվեարկելու պատժամիջոցների մասին օրենքի օգտին, որը կօգնի Թրամփին հարվածել ոչ միայն Ռուսաստանի տնտեսությանը, այլև բոլոր այն երկրներին, որոնք «աջակցում են Պուտինի ռազմական մեքենային»։ «Պատժամիջոցների փաթեթն ԱՄՆ նախագահին կտա լիազորություններ 500 տոկոս մաքսատուրք սահմանել այդ երկրների նկատմամբ»,- ասել է ազդեցիկ սենատորը։
«Առաջիկա օրերին դուք կտեսնեք սպառազինությունների աննախադեպ մատակարարումներ, որոնք կօգնեն Ուկրաինային պաշտպանվելու: Առաջիկա օրերին նախագահ Թրամփն իր տրամադրության տակ կունենա այնպիսի մաքսատուրքեր և պատժամիջոցներ, որոնք նա երբեք չի ունեցել: Առաջիկա օրերին ես ակնկալում եմ Եվրոպայից ավելի մեծ աջակցություն՝ Ուկրաինային»,- շեշտել է նա: