Սարյան և Մոսկովյան փողոցներում կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի: Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտա ուղղությամբ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նախատեսված փոփոխությունների արդյունքում նշված փողոցներում կպահպանվի տրանսպորտային միջոցների կայանման հնարավորությունը՝ փողոցի երկու կողմերում մայթերին զուգահեռ կայանման ձևով:
«Ամիրյան, Արամի, Պուշկինի և Թումանյան փողոցներից դեպի Սարյան փողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեոյի և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,- ասաց Վազգեն Հարությունյանը։
Ըստ նրա՝ բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց Սարյան ուղղությամբ: Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա Սայաթ-Նովայի ուղղությամբ, 2-րդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Մոսկովյան փողոց, 3-րդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Մոսկովյան փողոց և ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց՝ ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա:
«Մոսկովյան փողոցից՝ Թամանյանի դիմացի հատվածից բոլոր տիպի տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել 1-ին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց՝ ձախ՝ դեպի Սայաթ-Նովայի պողոտա ուղղությամբ»,- ասաց նա:
Փոփոխությունների նպատակն է բարձրացնել Սարյան և Մոսկովյան փողոցների՝ լուսացույցներով չկարգավորվող խաչմերուկներում երթևեկության անվտանգությունը, քանի որ միակողմանի երթևեկության արդյունքում կավելանա առնվազն ևս մեկ երթևեկելի գոտի դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ: Առաջիկայում Մաշտոցի պողոտայի լուսացույցների նոր հաշվարկներ ու փոփոխություններ կկատարվեն, ապա կսկսի գործել նաև երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցների նոր կարգավորված գծերում:
«Ներկայումս յուրաքանչյուր ուղղությամբ ունենք երկու երթևեկելի գոտի, սակայն քանի որ մայթեզրերին թույլատրված են կայանումները զուգահեռ տարբերակով, փաստացի գործում է միայն մեկ երթևեկելի գոտի։ Բոլորս գիտենք, թե Սարյան փողոցն ինչպիսի տուրիստական նշանակություն ունի, և ինչպիսի հոսքեր կան այդտեղ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ փողոցներում երթևեկելի գոտին հաճախ օգտագործվում է տրանսպորտային միջոցների կանգառի, ուղևոր իջեցնելու համար, ինչի արդյունքում տվյալ ուղղությամբ երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է լինում։
«Այս փոփոխության շնորհիվ կունենանք ևս մեկ գործող երթևեկելի գոտի, որը կապահովի ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատությունը»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց չձգձգել և փորձարկել փոփոխությունը հիմա, քանի դեռ երթևեկության հոսքը ոչ ինտենսիվ է:
.jpg)