Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է այս պահին հայտնի որոշ մանրամասներ։
«Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում երեխա է կորել։
Անմիջապես նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր ու սկսել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ ինչպես տարածքում, այնպես էլ հանգստյան գոտու միջով անցնող ջրանցքում, իսկ Փրկարար ծառայության հոգեբանական խումբը աշխատանքներ է իրականացնել երեխայի մոր հետ։
Ոստիկաններն ու փրկարարները՝ կինոլոգիական խմբերի օգնությամբ, պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։ Ժամը 18։38-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ։
Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և փորձելով գտնել հարազատներին քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։
Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։
Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: