Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից ասօր՝ հուլիսի 13-ին, ազատ են արձակվել օրեր առաջ ձերբակալված ՀՅԴ անդամները, որոնց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։
Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 5 անձինք ազատ են արձակվել ձերբակալության առավելագույն ժամը լրանալու հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին խուզարկություններ էին կատարվել Գեղամ Մանուկյանի և Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։
Տեղեկացնենք, որ հուլիսի 10-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին էլեկտրական անդրապայթիչ (детонатор), մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ։
Քննչական կոմիտեի՝ հուլիսի 10-ի հաղորդագրության համաձայն՝ վարույթի շրջանակում ձերբակալվել էր 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչության նախապատրաստություն հոդվածով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: