ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել է 2 ամսով: Այդ մասին լուրը 1lurer.am-ին հաստատեցին Քննչական կոմիտեից:
«Ա. Չ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի՝ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչության նախապատրասություն:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին էլեկտրական անդրապայթիչ (детонатор), մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ։
Քննչական կոմիտեի՝ հուլիսի 10-ի հաղորդագրության համաձայն՝ վարույթի շրջանակում ձերբակալվել էր 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչության նախապատրաստություն հոդվածով: