Այսօր՝ հուլիսի 12-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 18:00-ից մեկնարկել էր հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանրահավաքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2110 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Նշենք, որ Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացրել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը: Կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են երթի և նստացույցի հայտերը։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը ավելի վաղ «Լուրեր»-ի հետ զրույցում հերքել է պնդումը, թե հանրահավաքին ընդառաջ՝ բռնաճնշումներ են գործադրվում ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ: Նարեկ Սարգսյանը նշել է, որ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում:
Արտոնված հավաքի ընթացքում ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ իրականացվում է: Հավաքի ընթացքում կազմակերպիչները կոչ են արել ոստիկանությանը վերանայել իրենց որոշումը և թույլ տալ երթը, հայտարարել նստացույց: Ելույթներում նշել են, որ մարտի 29-ին 12 կետանոց պահանջագիր էին հրապարակել, կառավարությունը լուծում է տվել միայն սոցիալական խնդիրներին:
Նրանք պահանջել են համակարգված լուծումներ բոլոր տեղահանվածների համար, նաև հակամարտության լուծման ջանքերում հարգվի իրենց վերադարձի իրավունքը:
Նշենք, որ Կառավարությունը հատուկ խմբերին մինչև տարեվերջ կշարունակի 30 հազարական դրամի աջակցությունը: