ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ Կուալա Լումպուրում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ: Դա տեղի է ունեցել երկու խոշորագույն տերությունների միջև առևտրային հարաբերությունների սրման ֆոնին, որոնք պայքարում են Ասիայում իրենց շահերի առաջմղման համար, գրում է Reuters-ը:
Վաշինգտոնի գլխավոր դիվանագետը Մալայզիայում է գտնվում պաշտոնը ստանձնելուց հետո Ասիա կատարած իր առաջին այցի շրջանակներում` մասնակցելու ASEAN-ի Արևելյան Ասիայի գագաթնաժողովին և տարածաշրջանային համաժողովին՝ Ճապոնիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Եվրամիության և Հարավարևելյան Ասիայի պետությունների գործընկերների հետ։
Վան Յիի հետ Ռուբիոյի հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով աշխարհում լարվածության սրման ֆոնին: Պեկինը Վաշինգտոնին զգուշացրել է հաջորդ ամիս չինական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքերը վերականգնելու անթույլատրելիության մասին: Չինական կողմը նաև սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք գործարքներ են կնքում Միացյալ Նահանգների հետ՝ Չինաստանին մատակարարման շղթաներից դուրս թողնելու համար։
Վերլուծաբանները ենթադրում են, որ այցի ընթացքում Ռուբիոն կփորձի ապացուցել, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ ավելի լավ գործընկեր, քան Չինաստանը՝ Վաշինգտոնի գլխավոր ռազմավարական մրցակիցը: Պետքարտուղարությունը հայտնել է, որ ուրբաթ Մարկո Ռուբիոն հանդիպել է Թաիլանդի, Կամբոջայի և Ինդոնեզիայի գործընկերների հետ:
Ռուբիոյի այցը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրությունը վերականգնելու և Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում հակամարտությունների շրջանակներից Վաշինգտոնի դուրս գալու ջանքերի մի մասն է: Նախօրեին պետքարտուղարը Հարավարևելյան Ասիայի արտաքին գործերի նախարարներին ասել էր, որ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության կիզակետում։
Սակայն դա ստվերվեց այս շաբաթ ԱՄՆ-ի կողմից Ասիայի բազմաթիվ երկրների և ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ բարձր մաքսատուրքերի մասին հայտարարությամբ, որոնք ներառում են 25% Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Մալայզիայի, 32%՝ Ինդոնեզիայի, 36%՝ Թաիլանդի և Կամբոջայի, իսկ 40%՝ Մյանմարի և Լաոսի համար, նշում է Reuters-ը։