Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն:
Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ձեռքի նռնակներ իրենց պայթուցիչներով, պայթուցիկ նյութի նմանվող առարկա, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 251 փամփուշտ։
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Բուլղարական ավանում զենք-զինամթերք է թողել: Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, 1 կապոց ֆիթիլ, 1 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափերի 112 փամփուշտ:
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի դրական արդյունքը գրանցվեց նաև հուլիսի 9-ին: Ոստիկանություն զանգահարած անձը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Դալար գյուղի դաշտամիջյան հատվածում, զենք-զինամթերք է թողել։ Արտաշատի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար 12 մմ տրամաչափի երկփողանի հրացան, 16 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «Ֆ1» տեսակի 1 նռնակ, «ՌԳԴ» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 79 փամփուշտ և ինքնաձիգի փամփուշտի 1 գնդակ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։