ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, լրագրողի հարցին ի պատասխան, վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ պարզաբանել է ԱԳՆ խոսնակը, նշել՝ փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է Հայաստանի համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակորեն մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը՝ ընդգծել է Անի Բադալյանը, հավելել՝ չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։
Խոսնակը ԶԼՄ-ներին հորդորում է զերծ մնալ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը «Արմենպրեսում» մարտի 4-ին հոդված էր հրապարակել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին, պաշտոնապես արձանագրել: «Հայաստանը երբեք գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես:
Ընդհակառակը՝ Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել: Ավելին՝ այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել և շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել»,- հոդվածում գրել էր Նիկոլ Փաշինյանը: