Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 7 միավոր՝ 57,7 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին, որտեղ նախատեսվում է կառուցել smart կենտրոն, նաև COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ:
«ՀՀ փոխվարչապետի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի 702 որոշմամբ «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը որակվել է բարեգործական»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ խոսքը ոչ ֆորմալ կրթության մասին է, որը քննարկվել է նաև ԵՄ-ի հետ ՀՀ-ի համագործակցության և տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրի շրջանակներում: Աշխատանքը մի քանի տարի է, ինչ մեկնարկել է: Նաև Սյունիքի մարզ մի շարք այցելություններ են եղել՝ տեղանքը որոշելու: Վերոնշյալ որոշմամբ արդեն հողահատկացում է իրականացվում:
Ստեղծվող հնարավորությունները մի քանի հազար երեխաների համար են՝ սկսած 3 տարեկանից, քանի որ COAF-ի կրթական կենտրոնները ծառայություններ են մատուցում այդ տարիքից սկսած երեխաների համար, բայց նաև չափահաս երիտասարդների համար ծրագրեր կան: Ուղղությունները մի քանիսն են՝ տեխնոլոգիական հմտություններ, արվեստ, ստեղծագործական ունակությունների զարգացում, կա նաև գյուղատնտեսական բլոկ:
«Հատկապես 18+ մասնակիցների համար ստեղծվում են նաև մասնագիտական ուսուցման հնարավորություններ՝ մեղվաբուծության, խոհարարության և այլ կարևոր ուղղություններով»,- ասաց նա:
ԿԳՄՍ նախարարը նաև հույս հայտնեց, որ Սյունիքի կրթական համակարգն էապես կշահի նոր կենտրոնի գործունեությունից: