Պարոն Աղազարյանը օտար պետության շահերը սպասարկող ելույթ ունեցավ, ինչն անընդունելի էր, ես էլ արձագանքեցի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Ինքն ի՞նչ իրավունքով է, ներկայացնելով ՀՀ ժողովրդին, օտար պետությանը խնդրում չտրվել իր պետության՝ իր լեզվով ասած՝ սադրանքներին: Դա նորմա՞լ է: Որևէ երկրում ինքը կարո՞ղ է նման ելույթ ունենալ առանց լրջագույն քաղաքական հետևանքների: Առավել ևս, որ որևէ սադրանքի մասին խոսք չկա, խոսք է գնում կրիտիկական ենթակառուցվածքի մասին: Այսինքն՝ ի՞նչ է իր ասածով, որ հիմա եթե վաղը «Վեոլիա Ջրի» հարցը բարձրացնի Կառավարությունը, պետք է ասեն՝ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների հարց կա՞ այստեղ: «Վեոլիայի» հարցը հիմա էլ քննարկվում է՝ ջրի մատակարարման որակի հետ կապված: Պետականացման հարցը չեմ կարող ասել, բայց այնտեղի խնդիրներն էլի մեր ուշադրության կենտրոնում են»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում իրավիճակը թեժացել էր այն բանից հետո, երբ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթն ավարտել էր «Ռուսական կողմին խնդրում ու կոչ եմ անում՝ չտրվել մեր սադրանքներին» նախադասությամբ:
Դրանից հետո նիստերի դահլիճում լսելի էին «Ամոթ, ամոթ» վանկարկումները: Դահլիճից լսվում էին հորդորներ, թե դա ԱԺ ներկայացուցչի խոսք չէ: