Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. մայիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի նպատակն է Մ6 Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի - ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի 51․74 կմ երկարությամբ համապատասխան ճանապարհահատվածի հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացումը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ներկայումս առաջացել է Վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած հեղեղման արդյունքում վնասված Մ6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու և նախագծման համար պահանջվող Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական մանրամասն հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։
Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արձանագրությամբ սահմանվում է հատուկ մեխանիզմ՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս: Արտադրանքի սպառողների համար ռիսկերի լրացուցիչ նախազգուշացման և ուսումնասիրության ընթացքում անդամ պետությունների մտահոգությունների վերացման նպատակով, մասնավորապես՝ սահմանվում են գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման դեպքում անդամ պետությունների տնտեսության ճյուղը որոշելու առանձնահատկությունները, մասնավորապես՝ առանձնացված մրցակցային շուկայի տարածքում օգտագործման համար մատակարարվող ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի վճարման ընթացակարգերը:
Հավանություն է տրվել «ՀՀ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև ստորագրված 2015 թ. հուլիսի 7-ի շրջանակային համաձայնագրում և կից դրամաշնորհային կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Նշված փոփոխությունները ուղղված են հստակեցնելու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված և շրջանակային համաձայնագրում ամրագրված հասկացությունները, ընթացակարգերը, կարգավորումները: