Ռուսաստանին հաջողվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնել Բաքվում պահվող ուսաստանցիներին հյուպատոսական աջակցություն տրամադրելու հարցը՝ հայտնել է Մարիա Զախարովան: Դաշնության արտգործնախարարության խոսնակը ՏԱՍՍ-ին տեղեկացրել է՝ հյուպատոսության աշխատակիցները կտեսակցեն Ադրբեջանում պահվող Ռուսաստանի 13 քաղաքացուն: Մինչ այժմ Բաքուն Մոսկվային թույլ չէր տալիս հյուպատոսական աջակցություն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին:
Ավելի վաղ Զախարովան ընդգծել էր՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ ունեն, ինչը «դուր չի գալիս որոշ ուժերի»։
Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան այն հայտարարությունը, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների ստուգումների ժամանակ ուժ է կիրառվել: Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ռուսական կողմին կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են արհեստականորեն սրել իրավիճակը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ-ից ևս մեկ անգամ երկրի քաղաքացիներին կոչ են արել Ադրբեջան ուղևորություն ծրագրելիս հաշվի առնել իրավիճակը և ցուցաբերել զգուշություն:
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալությունից և երկու հոգու մահվանից հետո, որին հաջորդել է Բաքվում մի քանի ռուսաստանցու, այդ թվում՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավարի և գլխավոր խմբագրի կալանավորումը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: