ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տվյալներ է հաղորդել Ամառանոցային փողոցում բռնկված հրդեհի մասին։
«Հուլիսի 3-ին՝ ժամը 00։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մեկ հարկանի տուն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին»,- հայտնել են Փրկարար ծառայությունից։